Բագրատ Սրբազանին գաղտնալսել են անցած տարվա օգոստոսից. Հովհաննես Խուդոյան
«Անցած տարվա օգոստոսից սկած մինչև այս տարվա հունիս գաղտնալսումների կամ այլ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձևակերպված գործ է»,-ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը Բագրատ սրբազանի և Սրբազան շարժման գործի շրջանակներում կալանավորված անձանց փաստաբանների մամուլի ասուլիսի ընթացքում։
Ի դեպ, փաստաբանները ողջ կազմով ներկայանալ չեն կարողացել, քանի որ մի քանիսը մասնակցում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով նիստին։ Այն կմեկնարկի ժամը 11։00-ին Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մասիվի նստավայր):
Խուդոյանի փոխանցմամբ, ՔԿ-ի ու դատախազության գնահատմամբ, մինչև նախորդ տարվա նոյեմբերը գործընթացները եղել են օրինական, դրանից հետո դարձել են ապօրինի։
«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, օրինական գործընթացներն ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է դրա պատասխանը, մեր օրերում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական ապօրինի միջամտությամբ։ Ապօրինի միջամտություններ տեղի են ունեցել և 2021-ի ընտրություններին նախարոդող ժամանակահատվածում, և հաջորդիվ տարբեր ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Դրանց նպատակը քաղաքական գործընթացների միջամտությունն է կամ քաղաքական գործընթացների գեներացիան»,-ասաց Խուդոյանը։