Բադասյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին հետ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: Աշխատանքային այցի առաջին հանդիպումը Քրեական արդարադատության հարցերով համագործակցության ԵՄ գործակալության (Եվրաջասթի) նախագահ Լադիսլավ Համրանի հետ կայացել է այսօր:
Նախարարը գործընկերոջը տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների եւ բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական եւ հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին:
Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները եւ նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով:
Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաեւ անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարեւորությունը եւ անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը:
Արդարադատության նախարարը Եվրաջասթի նախագահին հրավիրել է Հայաստան:


