չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
 ԱՄՆ-ն կարող է Թուրքիայից խնդրել հրաժարվել С-400-ների շահագործումից․ Semafor

ԱՄՆ-ն կարող է Թուրքիայից խնդրել հրաժարվել С-400-ների շահագործումից․ Semafor

ԱՄՆ ղեկավարությունը քննարկում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման տարբերակներից մեկը՝ հանրապետության սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգերի տարրերի անջատումը։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է ամերիկյան Semafor պորտալը։

Պորտալի տվյալներով՝ Վաշինգտոնը նման սցենարը համարում է փոխզիջումային, քանի որ այն պետք է օգնի շրջանցել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային F-35-ների մատակարարման սահմանափակումները և միաժամանակ թույլ կտա Անկարային ամբողջությամբ չհրաժարվել С-400-ներից։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռևս վերջնական որոշում չի ընդունել այն մասին, թե Վաշինգտոնը ինչ կերպ է վաճառելու Թուրքիային F-35 կործանիչներ։

Հուլիսի 7-ին Թրամփը թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը, քանի որ դա կամրապնդեր երկկողմ հարաբերությունները։ Էրդողանն իր հերթին նշել է, որ ակնկալում է ԱՄՆ-ի դրական որոշումը F-35-ների հարցով։ Հուլիսի 8-ին Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, դաշինքի՝ Անկարայում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում, հայտարարել է, որ Թուրքիան կստանա հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ։

Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք է բերել С-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 մլրդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին «Рособоронэкспорт» ընկերությունը (մտնում է «Ростех» պետական կորպորացիայի կազմի մեջ) հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարվել է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400-ի գնդային հավաքակազմի մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան դուրս է մնացել նոր սերնդի F-35 կործանիչների ստեղծման ԱՄՆ ծրագրից։

  • Կիսվել: