կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
ԱԺ-ն քննարկում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն քննարկում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԿԸՀ նախագահի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնին առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:

Հովակիմյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Հովակիմյանը սկզբունքային, պայքարող, ժողովրդավարության արժեքները գնահատող ու արդարադատություն որոնող անձ է:

Իր ելույթում Հովակիմյանն անդրադարձավ ժողովրդավարական արժեքներին:

«Հայաստանն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, ինչը միջազգայնորեն արձանագրված փաստ է: Ժողովրդավարության զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեն ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրությունները: Կյանքիս վերջին 24 տարիներին պայքարել եմ, հնարավորություններս օգտագործել, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային:

Վերջին տարիներին ընտրական համակարգի նկատմամբ վստահության մակարդակն էապես բարձրացել է: Ուստի բոլոր շահագրգիռ անհատների, կազմակերպությունների ապագա ջանքն ու եռանդը պիտի լինի, որ այդ վստահությունն էլ ավելի բարձրանա»,- ասաց Հովակիմյանը:

Նշենք, որ ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 11-ին:

  • Կիսվել: