Ազգային ժողովը քննարկում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու առաջարկը
Առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 6-ի նիստում ասաց վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ ներկայացնելով ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Մենք ունենք բազմաթիվ այլ ծառայությունների տոներ, որոնք հաստատվել են Կառավարության որոշմամբ՝ Դատախազության աշխատողի օր, Ազգային անվտանգության մարմիններում ծառայողի օր, Ոստիկանությունում ծառայողի օր և այլն:
Այս նոր առաջարկը գալիս է ի լրումն մինչ այս գոյություն ունեցող տոների և ոչ թե նպատակ ունի նվազեցնելու դրանց նշանակությունը կամ փոխարինելու դրանք, այլ, ընդհակառակը, ամփոփելու և մեկ խորհրդանշական օրով ընդգծելու հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման և հասարակական պահանջմունքների ու կարիքների վրա խարսխված հանրային շահի սպասարկման գործում»,- ասաց նա:



