Ազատումներ եղել են, բայց դա մեր ներքին կոլեկտիվի խնդիրներից է. Առուշանյանը՝ ընտրություններից հետո Գորիսում աշխատանքից ազատումների մասին
Այս գործը 2024 թվականից է սկսել, փառք Աստծո, որ արդարությունը հաղթեց: Այս մասին դատարանի բակում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը, ըստ որի ինքը չի ազատազրկվի, կմնա ազատության մեջ և կշարունակի պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ:
Անդրադառնալով տեղեկություններին, ըստ որի Առուշ Առուշանյանի որոշմամբ ընտրություններից հետո Գորիսում մի շարք ազատումներ են եղել, պատճառն էլ եղել է այն, որ Առուշանյկանը սպասել է ավելի մեծ ձայներ, սպասելիքները չեն արդարացել, վերջինս հերքեց՝ նշելով, որ դա նեղ անձնական է, չի ուզում փակագծեր բացել, ամեն դեպքում այն, ինչի մասին խոսում են, իրականություն չէ:
«Ազատումներ եղել են, բայց դա մեր ներքին կոլեկտիվի խնդիրներից է, որը դրսում բարձրաձայնելը, կարծում եմ, կոռեկտ չէ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը դեռևս 2022 թվականի մարտին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: 2022 թվականի վճռով նրան նշանակվել էր 6,5 ամսվա ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր 1,5 տարվա փորձաշրջան, բայց որպես լրացուցիչ պատիժ՝ նրան 5 տարով զրկել էին ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Քանի որ Առուշանյանը հրաժարվում էր թողնել Գորիսի համայնքապետի պաշտոնը, Պրոբացիայի ծառայությունը դա որակել էր որպես պատժի կրման պայմանների խախտում և միջնորդել էր պայմանական պատիժը փոխարինել իրական ազատազրկմամբ, սակայն հակակոռուպցիոն դատարանը այսօր՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժեց այդ միջնորդությունը։


