Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Ուկրաինայի ԱԳՆ
Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան: Աշխարհաքաղաքական կարևոր եզրահանգումն այն է, որ Հայաստանում միջամտելու և ապակայունացնելու Մոսկվայի փորձերը ձախողվեցին, ինչպես նախկինում՝ Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում:
Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի, բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»:
Նա համոզմունք է հայտնել, որ հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործելու և Հայաստանի համար շոշափելի արդյունքների հասնելու համար։
Սիբիհայի խոսքով՝ ի տարբերություն Ռուսաստանի՝ եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն:


