Այս համաժողովը հայ-ռուսական հարաբերությունների խորացման հանձնառության մասին է․ Սիմոնյան
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Համաժողովի բացման խոսքում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
ԱԺ խոսնակի կարծիքով՝ հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կարևորություն։
«Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից, մշակույթից մինչև զբոսաշրջություն և առողջապահություն։ Այստեղ են ձևավորում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտներում հստակ ծրագրերի»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդգծեց հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ կրթության, մշակույթի, երիտասարդության և գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք։ Ըստ նրա՝ ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում՝ խթանելու անմիջական կապերն ու համատեղ նախաձեռնությունները։
«Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցությունը հաստատելուն և զարգացմանը միտված քայլերը»,- նշեց Սիմոնյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ այս համաժողովն էլ նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ կարևոր խթան դառնալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման գործում՝ ի շահ երկու ժողովուրդների։
Հիշեցնենք` Երևանում մեկնարկել է Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։