Այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունները հեռու են պատշաճ օգտագործումից․ Վարդևանյան
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է ստանձնել Սահմանադրությամբ իր վրա դրված պատասխանատվությունը և օգտագործել խորհրդարանական բոլոր գործիքները՝ կոնկրետ նպատակին հասնելու համար, այն է՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ընդդիմությունից փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ օգոստոսի 6-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մենք քննարկել ենք, թե արդյոք ընդդիմադիր խմբակցությունները պետք է մասնակցեն Ազգային ժողովի ամբողջական ձևավորման գործընթացին և զբաղեցնեն Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնները։ Եվ հանգել ենք այն եզրակացությանը, որ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը», — պարզաբանել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական ուժերը կարող են տարբեր կերպ պատկերացնել երկրի զարգացումը, սակայն քաղաքացիների և քաղաքական ուժերի ընդհանուր ձգտումը ուժեղ պետություն ունենալն է։
Խորհրդարանի փոխնախագահի թեկնածուն նշել է, որ «Ուժեղ Հայաստանը» մտահոգություններ ունի՝ կապված երկրի զարգացման վեկտորի, ազգային ինքնության հարցերի, ինչպես նաև իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների հետ։
Մասնավորապես, արդեն նախկին փաստաբանն անդրադարձել է կալանքի և այլ խափանման միջոցների կիրառման հարցին՝ պնդելով, որ քրեական վարույթների շրջանակներում տնային կալանքի, վարչական հսկողության և գրավի հնարավորությունները հեռու են պատշաճ օգտագործվելուց։
Նա նշել է, որ այն դեպքերում, երբ կալանքը հետագայում փոխարինվել է ավելի մեղմ խափանման միջոցով, մեղադրանքի կողմը հաճախ միջնորդություններ չի ներկայացրել այն խստացնելու վերաբերյալ։ «Ստացվում է, որ ի սկզբանե ճիշտ էինք մենք։ Բայց համակարգը չպետք է այդպես աշխատի։ Այս ոլորտում մենք լրջագույն խնդիրներ ունենք», — ընդգծել է ընդդիմադիրը։ Նրա գնահատմամբ՝ նման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել խորհրդարանական վերահսկողության հնարավորությունները։



