Արսեն Թորոսյանը Հռոմում մասնակցում է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Հռոմում մասնակցում է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին։
Թորոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Իտալիայի և Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցում եմ Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին։ Համաժողովի շրջանակներում առանձնազրույց եմ ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ»,- գրել է պատգամավորը։
Համաժողովի շրջանակներում խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորը նաև ելույթ է ունեցել.
«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իտալացի և ուկրաինացի գործընկերներին այս խորհրդարանական միջոցառումը կազմակերպելու համար՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում։
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ ուզում եմ ընդգծել, թե որքան կարևորում ենք այս գործընթացը՝ ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործնական շրջանակի տեսանկյունից, այլև որպես քաղաքական և բարոյական պարտավորություն բոլոր ժողովրդավարական պետությունների համար։
Հայաստանը առաջին անգամ մասնակցեց այս համաժողովին անցյալ տարի, և մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության ու կայունության ավելի լայն նպատակի իրականացմանը։
Հայաստանն այս քննարկմանը բերում է ոչ միայն համերաշխություն, այլև ընդհանուր փորձ։ Մենք ևս անցել ենք պատերազմի ցնցումների, խաղաղ բնակչության տեղահանության, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների միջով։ Մեր ժողովուրդը սեփական փորձով գիտի, որ խաղաղությունը պարզապես հակամարտության բացակայություն չէ, այլ դժվարությամբ ձեռք բերված նվաճում է, որը պահանջում է քաջություն, համբերություն և նվիրվածություն։
Այս պահին մենք, որպես պետություն, ներգրավված ենք բարդ, բայց վճռական հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր հարևանի՝ Ադրբեջանի հետ։ Ընդամենը երեկ, վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը հաջող բանակցություններ են ունեցել Աբու Դաբիում։ Մեր վերջնանպատակն է փոխել անվտանգության ճարտարապետությունն ու տարածաշրջանում փոխհարաբերությունների փիլիսոփայությունը՝ ապահովելով հարատև խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում և հարակից տարածքում։ Մենք խորապես հավատում ենք, որ Իտալիան և Ուկրաինան, այլ եվրոպական ժողովրդավարությունները, կարող են կարևոր դեր խաղալ մեր տարածաշրջանում խաղաղ գործընթացի աջակցման հարցում։
Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը մեր մոտեցման անկյունաքարն է։ Մենք համոզված ենք, որ այս նույն սկզբունքը պետք է կիրառելի լինի ողջ հետխորհրդային տարածքում, ներառյալ Ուկրաինայում։
Խորհրդարանները կենսական դեր ունեն՝ ապահովելու, որ խաղաղության կառուցումը, վերականգնումը և բարեփոխումները չմնան որպես վերացական ձգտումներ, այլ դառնան իրականություն։ Հայաստանում մենք անում ենք առավելագույնը՝ աջակցելու ժողովրդավարության զարգացմանը թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Մենք խորապես հավատում ենք, որ ժողովրդավար Ուկրաինան էական է ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։
Թույլ տվեք ավարտել՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը մեր եվրոպացի գործընկերների հետ, և առաջին հերթին՝ Ուկրաինայի ժողովրդի ու ինստիտուտների հետ, քանի որ մենք կիսում ենք նույն արժեքները»,- նշել է Արսեն Թորոսյանը։