Արմեն Գրիգորյանը՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի մասին․ Այս պահին մեր օրակարգում նման հարց չկա
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։
Ըստ Գրիգորյանի, ինքը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության, կայունության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է նաև Հայաստանի հասցեին Ռուսաստանի կոշտ հայտարարությունները և Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջը։
«Ընդհանուր առմամբ, այս պահին մեր օրակարգում նման հարց չկա։ Խոսքը հանրաքվեի մասին է, որով մենք կքննարկենք ԵՄ-ին անդամակցության հարցը, որովհետև, ինչպես գիտեք, մենք միշտ հայտարարել ենք, որ քանի դեռ երկու կազմակերպությունների հետ հարաբերությունները համատեղելի են՝ այսինքն ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ, մենք կշարունակենք այս օրակարգը։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ այս օրակարգը համատեղելի է, և կշարունակենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ»,- ասել է Գրիգորյանը։
Նա նաև մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները երկու կազմակերպություններին միաժամանակ անդամակցության անհամատեղելիության մասին։
«Կազմակերպություններն անհամատեղելի են, և այդ մասին ասել ենք նաև մենք, որ երկու կազմակերպություններին անդամակցությունն անհամատեղելի է։ Բայց այն մակարդակի հարաբերությունները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ի հետ՝ որպես անդամ պետություն, և այն հարաբերությունները, որ այսօր ունենք ԵՄ-ի հետ, մենք համոզված ենք, որ դրանք համատեղելի են»,- ասել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է նաև հարցին, թե ինչ թեմաներ կքննարկվեն ռուսական կողմի հետ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ առաջիկա այցի շրջանակում։
«Բնականաբար, մենք ռուս գործընկերների հետ կքննարկենք Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունները։ Խոսքը, մասնավորապես, ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական հարաբերությունների մասին է։ Իհարկե, հնարավոր է՝ նախընտրական շրջանում զգացմունքներն ավելի լարված էին։ Համոզված եմ, որ հույզերը կհանդարտվեն, և վաղվանից մենք ավելի հանգիստ պայմաններում կքննարկենք մեր օրակարգերը։ Կարծում եմ՝ կգտնենք խնդիրների լուծումները։ Դուք նաև տեսնում եք, որ մենք զարգացնում ենք նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ֆոն դեր Լայենի (Եվրահանձնաժողովի նախագահ - խմբ.) հետ։ Եվրամիությունը պատրաստ է իր շուկան բացել հայկական ապրանքների համար։ Եվ մենք վստահ ենք, որ կգտնենք այն խնդիրների լուծումները, որոնք մեր առջև ծագում են ոչ բնական ճանապարհով, այսինքն՝ ծագում են որոշումների հետևանքով»,- ասել է նա։



