Ուկրաինայի հարցով համաժողովին Արմեն Գրիգորյանի մասնակցությունը դիտվում է որպես ռուսական ազդեցությունից Երևանի հեռացման նշան․ Bloomberg
Bloomberg գործակալությունը հոդված է հրապարակել Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերի վերաբերյալ։ Նյութում նշվում է, որ Երևանն աստիճանաբար դուրս է գալիս ռուսական ազդեցության ուղեծրից և խորացնում հարաբերությունները Եվրոպական միության հետ։
Ինչպես հայտնում է պարբերականը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպել են Լեհաստանն ու Ուկրաինան․ դրան կմասնակցեն շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ։
Ինչպես գրում է Bloomberg-ը, հայ պաշտոնյայի այցը տեղի է ունենում Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության ֆոնին։
Հոդվածում նշվում է, որ վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մի շարք հայկական ապրանքների նկատմամբ, ինչը Երևանում որակել են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող քայլ։
Պարբերականն անդրադառնում է նաև Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական գործընթացներին՝ նշելով, որ երկիրը ձգտում է հավասարակշռել արտաքին քաղաքական ուղղությունները՝ միաժամանակ ընդլայնելով Արևմուտքի հետ համագործակցությունը։



