երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Արձանագրվել են ճնշումների և վախի մթնոլորտի մասին հաղորդումներ, պառակտիչ հռետորաբանություն է եղել. ԵԽԽՎ դիտորդ

Արձանագրվել են ճնշումների և վախի մթնոլորտի մասին հաղորդումներ, պառակտիչ հռետորաբանություն է եղել. ԵԽԽՎ դիտորդ

Արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ, բայց պետք է արձանագրել, որ Հայաստանի ընտրողներին տրվել է իրական ընտրություն կատարելու հնարավորություն, թեև խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններում, Երևանում այս մասին հայտարարեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Յանես Լենարչիչը։

«Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում»,-ասաց Յանես Լենարչիչը։

Նա ասաց, թե քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և առճակատային, ուղեկցելով պարբերաբար հնչող պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ։

«Մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդներն արձանագրել ու ստացել են բազմաթիվ հաղորդումներ ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների և խրախուսումների վերաբերյալ՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով, հիմնականում հենց իշխող կուսակցության կողմից»,-ասաց Լենարչիչը։

Նա ասաց, թե իրենց երկարաժամկետ դիտորդները Երևանից և մարզերի մեծ մասից հաղորդումներ են ստացել, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը։

«Այս հաղորդումները վերաբերում են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, կալանավորումներին։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների վրա»։

  • Կիսվել: