չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Արարատ Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր

Արարատ Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։

Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում առկա ցուցանիշներին և այս ուղղությամբ ՀՀ կողմից ցուցաբերված հանձնառությանը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։  

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթին մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։

 

  • Կիսվել: