Առանց ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության մենք խաղաղության համաձայնագիրը չէինք կնքի. Վենս (ուղիղ)
Առանց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության մենք այս խաղաղության համաձայնագիրը չէինք կնքի: Այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ իսկապես, կարծում եմ՝ երեք մարդ ստեղծել են պատմական խաղաղություն. այս երկրի նախագահը, Հայաստանի վարչապետը և, իհարկե, Միացյալ Նահանգների նախագահը, համատեղ աշխատելով, ստեղծել են խաղաղություն այնտեղ, որտեղ մի ժամանակ պատերազմ էր։ Կարծում եմ՝ մենք ապագայում կհասնենք բարգավաճման այնտեղ, որտեղ մի ժամանակ միայն հակամարտություն և պատերազմներ էին։ Դա նախագահի առաջնորդության, ինչպես նաև նախագահ Ալիևի առաջնորդության զարմանալի վկայությունն է։ Եվ վերստին, դա նախագահի քաղաքականությունն է։
Ինչո՞ւ պատերազմել միմյանց դեմ, երբ կարող ենք միմյանց հետ առևտրով զբաղվել, երբ կարող ենք միմյանց հետ գործընկերային հարաբերություններ կառուցել։ Եվ ես կարծում եմ, որ այդ գործընկերությունը, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև գործընկերությունը, կհանգեցնի տարածաշրջանում ավելի մեծ խաղաղության և բարգավաճման։ Այն կհանգեցնի ԱՄՆ շուկաներ մուտք գործելու ընդլայնմանը։ Եվ այն պարզապես կստեղծի շատ ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ կարող են գործարքներ կնքել միմյանց հետ»:


