Առաջարկվում է պատասխանատվություն սահմանել առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում
Օրենքի նախագծով պատասխանատվություն է սահմանվում քաղաքացիների կողմից քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաև հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար, ինչպես նաև ամրագրվում են մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում քաղաքացուն քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանները:
Այս դեպքերի հետ կապված նախագծով առաջարկվում է սահմանել պատիժ՝ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակը նշել է, որ գործող կարգավորմամբ որևէ պատասխանատվություն սահմանված չէ, երբ քաղաքացին հրաժարվում է նշանակված բուժզննությունից հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում:
Նախատեսվում է, որ առաջարկվող օրենսդրական լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հարակից զեկույցում առաջարկել է վերաձևակերպել առաջարկվող օրենսդրական կարգավորումը՝ այն դարձնելով առավել ընդհանրական: Հեղինակը չի ընդունել Կառավարության առաջարկը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո անցկացնել աշխատանքային քննարկում:
Խորհրդարանը նախագիծը քննարկել է հուլիսի 2-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում:


