ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 19-րդ համաժողովը, որին մասնակցում է ԱՊՀ երկրների ավելի քան 200 ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը և տաղանդավոր օպերային երգչուհի Բելլա Ամարյանը:
Համաժողովի մասնակիցներին հեռավար ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության նախագահ Դանիել Դանիելյանը: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ համաժողովը երկխոսության եզակի հարթակ է, որը նպաստում է մասնագիտական շփումներին, համատեղ նախագծերի ստեղծմանը և միջմշակութային համագործակցությանը՝ խթանելով ԱՊՀ երկրների միջև հումանիտար և կրթամշակութային ինտեգրումը:
Նա նաև կարևորել է ՀՀՄՀ գործադիր տնօրինության աշխատանքը՝ նշելով, որ վերջինս իր 20-ամյա գործունեությամբ մեծապես նպաստել է ԱՊՀ երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը և զարգացմանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության փոխնախագահ Միխայիլ Շվիդկոյը, պաշտոնատար այլ անձինք, մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները:
Միջոցառման շրջանակում կայացել է նաև «Համագործակցության աստղեր» «Դեբյուտների համագործակցություն» մրցանակների հանձնման արարողությունը: Հայաստանից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» (Звёзды содружества) մրցանակի, իսկ Բելլա Ամարյանը՝ «Դեբյուտների համագործակցություն» (Содружество дебютов) մրցանակի:
Համաժողովի ընթացքում ցուցադրվել է տեսանյութ, որում հնչել են ԱՊՀ երկրների մշակութային կազմակերպությունների ղեկավարների ողջույնի խոսքերը, որոնք տարբեր տարիներին ՀՀՄՀ աջակցությամբ իրականացրել են մշակութային նախագծեր։ Տեսանյութը պատրաստվել է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 20-ամյա գործունեության կապակցությամբ: Տեսանյութում անդրադարձ է կատարվել է նաև երկար տարիներ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացվող «Հիշողության կերպարանքները» (Лики памяти) ծրագրին, որի վերաբերյալ ցուցադրվել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ելույթը:
Հունիսի 10-ին կայանալու է նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են 2025 թ. աշխատանքները, հաստատվելու են 2026 թ. միջոցառումների լրամշակված ծրագիրը, ինչպես նաև 2027 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը և մի շարք այլ հարցեր:
Համաժողովի կազմակերպիչներն են ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՄՀՀՀ) և Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության և երիտասարդական քաղաքականության նախարարությունը։


