ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը փոխել է Հորմուզի նեղուցի կարգավիճակը հօգուտ Իրանի. Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը փաստացի փոխել է Հորմուզի նեղուցի կարգավիճակը հօգուտ Թեհրանի, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Ըստ Ղալիբաֆի՝ ԱՄՆ-ն Իրանի համար «Հորմուզի նեղուցի ներուժն իրականություն դարձրեց»։
Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Իրանն ունի ինքնիշխան իրավունքներ Հորմուզի նեղուցում և վճար է գանձելու համապատասխան ծառայությունների համար։
«Իրանն ունի ինքնիշխան իրավունքներ Հորմուզի նեղուցում, և, բնականաբար, մենք վճար ենք գանձելու ծառայությունների համար»,- ասել է նա։
Նա նշել է նաև, որ անվստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ մնում է առավելագույնը, նույնիսկ վերջնական համաձայնության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով դրա հաստատման դեպքում։
«Իմ անվստահությունը Ամերիկայի նկատմամբ առավելագույնն է։ Նույնիսկ եթե համաձայնագիրը լինի վերջնական և հաստատվի Անվտանգության խորհրդի բանաձևով, այն միևնույն է լիովին անհուսալի է»,- հայտարարել է Ղալիբաֆը։
Նա հայտարարել է նաև, որ Իրանի մոտեցումներում դիվանագիտական և ռազմական մեթոդների միջև սահմանը մնում է խիստ պայմանական։
«Դիվանագիտական պայքարի և ռազմական պայքարի միջև հեռավորությունը մեզ մոտ մեծ չէ, և մեր ձեռքը ձգանին է»,- հավելել է Իրանի խորհրդարանի նախագահը։


