Ամերիկյան կողմի հետ քննարկվում են և՛ ռազմավարական գործընկերությունը, և՛ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները. ԱԳՆ
ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆի այսօրվա հայտարարությանը:
«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուիթքոֆը, որն օգնում է խոշոր խաղաղ բանակցություններ վարել ամբողջ աշխարհում, անցյալ շաբաթ Սպիտակ տանը Breitbart News-ին բացառիկ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին: Ըստ նրա՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերի կընդլայնվեն, դրա համար կա «մեծ էներգիա»։
Նրա համոզմամբ՝ շուտով ավելի շատ երկրներ կարող են միանալ համաձայնագրերին։
Ուիթքոֆը կանխատեսել է այնպիսի երկրների միացումը, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Լիբիան: Նա չի բացառել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը: Նրա կարծիքով՝ «իրենք շատ-շատ մոտ են այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը»։
«Կարծում եմ, որ երկու երկիրն էլ պատրաստ է միանալու Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին»,- ասել է նա։