Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը հիշատակել է Երևանին իրենց կողմից առաջարկված հինգ սկզբունքները
Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել եւ կարծում է, որ դրանց հիման վրա կարելի է հասնել կարգավորման։ Այս մասին այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը։ Հիմա եկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խոսելու եւ գործելու ժամանակը։ Եվ, իհարկե, մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերն այս հարցում։
Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ է քաշել հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները։ Սրանք բոլորը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, եւ կարծում եմ, որ դրա հիման վրա կարելի է հասնել նորմալացման։
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է։ Այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այն ձեւաչափն է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։ Եվ մենք ակնկալում ենք հետագայում Ձեր ակտիվ անձնական դերը եւ Ռուսաստանի դերը այս նպատակներին հասնելու գործում՛՛:


