Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է՝ հավատում է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը և կամքին՝ խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու հարցում
Այսօր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատմական հնարավորություն կա։ Այս մասին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նրա խոսքով, սակայն, պայմանագրի ստորագրման համար կան ՛՛խոչընդոտներ՛՛: ՛՛Անկախ նրանից, թե որքան հանգիստ է իրավիճակը տեղում, անկախ նրանից, թե որքանով է մեզ հաջողվում համաձայնության գալ համաձայնագրի տեքստի շուրջ մինչև դրա ստորագրումը, տեխնիկապես մենք դեռևս պատերազմի մեջ ենք, և հրադադարը թուղթ է, որը կարող է խախտվել ցանկացած պահի։ Գնդակը Հայաստանի դաշտում է՛՛,-ասել է Ամիրբեկովը։
Ամիրբեկովի խոսքով՝ համաձայնագիրը վերաբերում է երկու երկրների ՛՛տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՛՛ և ՛՛նրանց սահմանների անձեռնմխելիությանը՛՛, նաև մերժում է ցանկացած պահանջ, որը ՛՛մեկը կարող է ունենալ մյուսի նկատմամբ՛՛։
Նա կրկին շեշտել է, թե Հայաստանի Սահմանադրությունն իբրև թե ՛՛խոչընդոտում է՛՛ խաղաղության պայմանագրին, քանի որ պարունակում է ՛՛տարածքային պահանջներ՛՛ Ադրբեջանի նկատմամբ , ուստի ելքը, նրա խոսքով, այն է, որ ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը:
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չցանկանա փոխել Սահմանադրությունը, նա պատասխանել է․ ՛՛Չգիտեմ, դա կախված կլինի նրանց գործողություններից։ Եթե նրանք ՛՛փորձեն նոր պատերազմ սկսել՛՛, մենք ստիպված կլինենք պաշտպանվել՛՛։
Ամիրբեկովը նաև հայտարարել է, որ հավատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը և կամքին՝ համաձայնագիրն ավարտին հասցնելու հարցում։