Ակնկալում եմ, որ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյուքնում կվերացվեն ՀՀ-ի դեմ տնտեսական սահմանափակումները․ Աննա Գրիգորյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայանալիք հանդիպման արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել վերջին շրջանում լարված հարաբերությունները։
Այս մասին Աննա Գրիգորյանը նշել է մամուլի ասուլիսի ընթացքում։
Անդրադառնալով լրագրողների մեկի հարցին, թե արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպման և բանակցությունների օրակարկում լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հարցը, Գրիգորյանը բացասական արձագանք է տվել։
«Ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ այսօր պետք է հանգուցալուծել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ճգնաժամը, որպեսզի մենք չառերեսվենք տնտեսական կոլապսի, որի հետևանքները կրում են Հայաստանի քաղաքացիները։ Ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում մեզ կազատի այս տնտեսական մարտահրավերներից, և մեր հայրենակիցների համար, որոնք այսօր այլ ուղիներ են փորձում գտնել իրենց ապրանքներն այլ տեղեր հասցնելու համար, ռուսական կողմի սահմանափակումները կվերանան։ Հույս ունեմ, որ այդ սահմանափակումները կվերանան և գոնե նոր սահմանափակումներ չեն ավելանա»,-ընդգծել է Աննա Գրիգորյանը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նախատեսվում են նաև ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ այլ գործընկերների հետ։



