ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Հոկտեմբերի 28-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Բակիտ Ջուսուպովի հետ։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը ողջունել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում ԵԱՀԿ-ին դիտորդի կարգավիճակի շնորհումը բարձր գնահատելով կազմակերպության ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը Համաժողովի աշխատանքներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգային հարցերին: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածքում փոխկապակացվածության խթանմանն հնարավորություններին: 

  • Կիսվել: