Binance կրիպտոբիրժան հաքերային հարձակման է ենթարկվել. վնասը՝ 6,3 միլիարդ դոլար
Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Binance-ի ի համահիմնադիր Չանփեն Չժաոն հայտարարել է, որ կրիպտոբորսան ենթարկվել է հաքերային հարձակման։
Անվտանգության համակարգի խախտման հետևանքով հասցված վնասը նախնական գնահատմամբ կազմում է 6,3 միլիարդ դոլար։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ միջադեպը կարող է դառնալ կրիպտոարդյունաբերության պատմության մեջ խոշորագույն հաքերային հարձակումը և ներդրողներին ստիպել վերանայել թվային ակտիվների սեփականության հետ կապված ռիսկերը։
Binance-ը հայտնել է, որ գործընկերների հետ համագործակցությամբ աշխատում է տուժած ակտիվները սառեցնելու ուղղությամբ։ Մինչ այժմ հաջողվել է հայտնաբերել և սառեցնել մոտ 3 միլիարդ դոլարի ակտիվներ։ Ընկերությունը տեղեկություններ չի տրամադրել մնացած 3,3 միլիարդ դոլարի ակտիվների կարգավիճակի վերաբերյալ։
Binance-ի համահիմնադիր Յի Հեն հայտարարել է, որ ընկերությունը կփոխհատուցի «հաքերային հարձակման հետևանքով առաջացած բոլոր կորուստները»։
Ընկերության նախնական հետաքննության համաձայն՝ անվտանգության խախտումը կարող էր սկսվել ինժեներներից մեկին պատկանող նոութբուքը կոտրելուց։ Դա հարձակվողին հնարավորություն է տվել մուտք գործել համակարգերից մեկը և առանց թույլտվության դուրս բերել միջոցները։
Միջադեպի վերաբերյալ լուրերն անմիջապես արձագանք են առաջացրել կրիպտոշուկայում։ Ուրբաթ վաղ առավոտյան ասիական առևտրի ընթացքում Bitcoin-ի գինը նվազել է ավելի քան 3 տոկոսով՝ հասնելով 76 368 դոլարի։ Սա վերջին վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշն է։
Ethereum-ի գինը նույնպես նվազել է ավելի քան 3 տոկոսով՝ հասնելով 2178 դոլարի, ինչը վերջին երկու ամսվա նվազագույն մակարդակն է։
Binance-ի հետ կապված BNB կրիպտոարժույթը վերջին 24 ժամում էժանացել է 5 տոկոսով՝ հասնելով 709,70 դոլարի։



