երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող արդարացվել. արդարադատության հարցերով եվրահանձնակատար

Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող արդարացվել. արդարադատության հարցերով եվրահանձնակատար

ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ արդարադատության և իրավունքի գերակայության եվրոպական հանձնակատար Դիդյե Ռեյնդերսին հարց է ուղղել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:

«Այս կիսագնդում անցած շաբաթ ԵՄ խորհրդարանը բանաձև ընդունեց՝ դատապարտելով լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը և ԵՄ անդամ երկրներին կոչ անելով ընդունել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: ԵՄ խորհրդարանը կոչ արեց նաև Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համապարփակ վերանայման: Ադրբեջանի նման երկրի հետ գործակցությունը անհամատեղելի է ԵՄ արժեքների և նպատակների հետ, այդ թվում՝ արդարության և իրավունքի գերակայության ոլորտում: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի նավթն ու գազը բավարա՞ր են՝ աչք փակելու համար միջազգային իրավունքի և իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա»,- նշել է Վարդանյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն, իհարկե, դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը երբեք չի կարող արդարացվել:

«Այժմ առաջին անհանգստությունն իրական երկխոսություն վարելն է, եթե դա հնարավոր է: Դուք գիտեք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումներ կազմակերպելու եվրոպական նախաձեռնությունների մասին: Պետք է նաև վստահ լինենք, որ բոլոր տեղահանված մարդկանց համար պաշտպանություն կապահովվի: Ես տեղյակ եմ, որ մարդու իրավունքների հանձնակտարը նախատեսում է տարածաշրջան այցելել: Կարևոր է գնահատել իրավիճակը տարածաշրջանում և վստահ լինել, որ Ղարաբաղի հայերի կարիքները, որոնք մնացել են Ադրբեջանի տարածքում, պաշտպանվեն, և նրանք ստանան մարդասիրական աջակցություն և անվտանգություն»,- նշել է հանձնակատարը:

Նա հավելել է, որ հանձնաժողովի նիստի ընթացքում պայմանավորվել են հումանիտար օգնություն մոբիլիզացնել:

 

  • Կիսվել: