ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է. Դավիթ Սանասարյան

Սահմանադրագետների եւ իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը եւ կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, մինչդեռ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։

Դա նշանակում է, որ իմ (եւ ոչ միայն իմ) նկատմամբ իրականացվող հետապնդումն ինքնին ապօրինի է նախեւառաջ սահմանադրականության տեսանկյունից։

Մենք ստանձնել ենք իրավական պետություն կառուցելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է, որ չենք կարող հակաիրավական ու հակասահմանադրական մարմնի միջոցով օրինականություն ապահովել։ Այս մարմնի կողմից քննվող յուրաքանչյուր նոր գործ մի նոր խնդիր է իրավական պետության համար։

Սիրում եմ բոլորիդ»:

Նշենք, որ դեռ ապրիլին Դ. Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

  • Կիսվել: