կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Երեք տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա. վերաքվեարկություն տեղի չի ունենա

Երեք տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա. վերաքվեարկություն տեղի չի ունենա

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով ընթերցում էր ԿԸՀ որոշումն ընտրության արդյունքների վերաբերյալ, հայտարարեց, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այնուհետև ԿԸՀ նիստում իրավիճակը լարվեց:

«Ո՞նց չի ազդում»,– հնչեցին հարցադրումներ։ ԿԸՀ նախագահը հորդորեց չխանգարել նիստը. «Երբ ԿԸՀ–ն որոշում ընդունի, դուք իրավունք ունեք դիմելու Սահմանադրական դատարան։

Նիստին ներկաները չէին շարունակում էին հարցերը, ուստի Հովակիմյանը, դիմելով նրանց, հանդարտության կոչ էր անում. «Տիկին, եթե չեք կարող լռել, դուրս եկեք։ Պարոն Չալաբյան, կոռեկտ պահեք Ձեզ»։

ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը պահանջում էր հստակ հայտարարել, թե ո՞րն է ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունենալը. «Դուք խոչնդոտում եք Հայաստանում ժողովրդավարության կայացմանը»։

Տեղից մեկ ուրիշն էլ ասաց. «Եթե ԲՀԿ–ի չանցնելու համար 300 ձայն պակասեր, 4 տեղամասի արդյունքներ էինք անվավեր ճանաչելո՞ւ»։

Վահագն Հովակիմյանը դուրս հրավիրեց տեղից արտահայտվողներին և սկսեց շարունակել ԿԸՀ որոշման ընթերցումը։

Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ նախագահը հայտարարել էր, թե որ քաղաքական ուժը քանի ձայն է ստացել։ Ըստ այդմ, ԲՀԿ–ն ստացել է 3.98 տոկոս քվե և չի հաղթահարել անցողիկ շեմը։

Այսպիսով՝ վերաքվեարկություն տեղի չի ունենա:

  • Կիսվել: