կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
WP․ Նեթանյահուն արգելափակել է Ուկրաինային ամերիկյան «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերի փոխանցումը

WP․ Նեթանյահուն արգելափակել է Ուկրաինային ամերիկյան «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերի փոխանցումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2023 թվականին արգելափակել է Ուկրաինային Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումը, որոնք ԱՄՆ-ը նախատեսում էր օգտագործել ռուսական հարվածներից խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, հայտնել է The Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինային «Երկաթե գմբեթ» մարտկոցների փոխանցման նախաձեռնությանն աջակցում էր հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը փորձում էր հասնել դրանց մատակարարմանը՝ ուկրաինական քաղաքների պաշտպանությունն ուժեղացնելու համար։

Սակայն առաջարկը բախվել է Իսրայելի կառավարության հակազդեցությանը։ Նեթանյահուն հրաժարվել է հաստատել համակարգերի փոխանցումը՝ հղում կատարելով համալիրի համատեղ արտադրության մասին համաձայնագրի պայմաններին, որոնց համաձայն՝ Իսրայելը պահպանում է դրա օգտագործման հարցերում վերջնական որոշում ընդունելու իրավունքը։

Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, համակարգերն իրենք տեղակայված էին ԱՄՆ տարածքում և ձեռք էին բերվել ամերիկացի հարկատուների միջոցների հաշվին։

Սենատոր Քրիս Վան Հոլենը հայտնել է, որ նման սահմանափակումները կարող են սպառնալիք ստեղծել ամերիկյան ինքնիշխանության և ազգային անվտանգության համար, քանի որ Վաշինգտոնը չի կարող ազատորեն տնօրինել ԱՄՆ բյուջեից վճարված սպառազինության մի մասը։

Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում Իսրայելի հետ համագործակցության ընդլայնման նոր նախաձեռնություններ։ Քննադատները մտավախություն ունեն, որ նման համաձայնագրերը կարող են Իսրայելին տրամադրել ազդեցության լրացուցիչ լծակներ ամերիկյան սպառազինության օգտագործման վրա։

«Երկաթե գմբեթը» իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է առաջին հերթին փոքր հեռահարության հրթիռներ որսալու համար։ Համալիրը մշակվել է իսրայելական Rafael ընկերության կողմից՝ ԱՄՆ զգալի ֆինանսական աջակցությամբ։

  • Կիսվել: