Վրաստանը հերքում է ռազմական բեռնափոխադրումների իրականացումը․ երկրի ԱԳՆ
Եվս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, գրում է newsgeorgia.ge կայքը։
«Ըստ փաստաթղթերի, որն ունի Վրաստանը, թռիչքները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին»,- հայտարարել է նա։
Պաշտոնյան շահարկում է որակել որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն առ այն, որՎրաստանի տարաշքով քաղաքացիական չվերթների անվան տակ ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում:
Նա նաև հավելել է, որ Վրաստանը նախկինի պես կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ կապված օդային միջանցքով հումանիտար բեռների բացթողման հետ, սակայն, եթե որևէ փոխադրող չարաշահի դա, Վրաստանի արձագանքը կլինի համապատասխան և խախտողը կպատասխանի միջազգային իրավունքին համապատասխան: