Վրաստանի խորհրդարանում մտցվել է անվտանգության «դեղին մակարդակ»
Վրաստանի խորհրդարանում մտցվել է անվտանգության «դեղին մակարդակ»՝ սահմանափակված են այցելուները եւ անվտանգության լրացուցիչ միջոցներ են ներդրվել, հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Լրատվամիջոցներից թույլատրվում է մասնակցել միայն հեռուստատեսային խմբերին՝ յուրաքանչյուրից առավելագույնը երկուսը:
Այսօր կլսվի «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկի՝ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլու տարեկան հաշվետվությունը։
Այսօր նաեւ Վրաստանում բողոքի ցույցերի 168-րդ օրն է՝ նոր խորհրդարանական ընտրությունների եւ ձերբակալված ցուցարարների ազատ արձակման պահանջով, գրել է վրացական լրատվամիջոցը։
Ցերեկը ակտիվիստները կհավաքվեն Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ տեղի կունենա բողոքի ակցիայի մասնակիցների հերթական դատավարությունը։ Երեկոյան Թբիլիսիում ժամը 19:00-ից հետո նախատեսված են ակցիաներ հանրային հեռարձակողի մոտ եւ ընդհանուր հավաք Ռուսթավելու պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ։ Գործողություններ են նախատեսվում նաեւ Քութայիսում, Բաթումում, Զուգդիդիում, Թելավիում, Գորիում, Ախմետայում, Չխորոցկուում եւ Ախալցխայում։