Վրաստանի կառավարությունը զգուշությամբ է վերաբերվում Ռուսաստանի համար օդային տարածքի փակման թեմային
Վրաստանի կառավարությունը զգուշությամբ է վերաբերվում Ռուսաստանի համար օդային տարածքի փակման թեմային։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին։
"Մենք հետևում ենք իրավիճակին։ Դուք գիտեք, որ Վրաստանն այսօր օդային հաղորդակցություն չունի (Ռուսաստանի հետ)։ Մենք այսօր Ռուսաստանի Դաշնության հետ չունենք նաեւ ցամաքային ուղիղ հաղորդակցություն։ Տվյալ դեպքում խոսքը միայն Վրաստանի տարածքով տարանցման մասին է։ Երբ ամբողջովին փակ են եվրոպական ուղղությունները, մեր հարեւան, այդ թվում ՝ բարեկամ երկրների համար Վրաստանի տարածքով թռիչքները կարող են լինել Ռուսաստանի հետ հաղորդակցության միակ միջոցը։ Խոսքը հումանիտար ուղղության մասին է։ Այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում, մինչեւ 1 մլն մարդ տարանցիկ ուղիներ են օգտագործում Վրաստան մտնելու համար: Մենք մի փոքր զգուշորեն ենք մոտենում այդ հարցին, խորհրդակցություններ ենք անցկացնում գործընկերների, այդ թվում ՝ տարածաշրջանի երկրների հետ", - նշել է Դավիթաշվիլին, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը հակասում է երկրի ազգային շահերին եւ չի կարող կանգնեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում:
Հարկ է նշել, որ այս պահին Ռուսաստանն ու Ուկրաինան իրենց առաջին բանակցություններն են անցկացնում Բելառուսի Գոմելի մարզի տարածքում։ Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում ուկրաինական սահմանից ոչ հեռու՝ Պրիպյատ գետի ափին ։ Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն եւ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, "ժողովրդի ծառա" կառավարող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան, Դոնբասի կարգավորման շփման խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին:
Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական երկրները, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան եւ Ավստրալիան փակել են իրենց օդային սահմանները ռուսական ինքնաթիռների համար: Ռուսաստանը հայելային պատասխանել է վերոնշյալ երկրների այս գործողություններին։