Վերջին օրերին ԱՄՆ տասնյակ ռազմական և տրանսպորտային ինքնաթիռներ ինտենսիվ թռիչքներ են կատարել Եվրոպայի և Արաբական թերակղզու բազաների միջև. աղբյուր
Վերջին օրերին ամերիկյան տասնյակ ռազմական և տրանսպորտային ինքնաթիռներ ինտենսիվ թռիչքներ են կատարել Եվրոպայի և Արաբական թերակղզու բազաների միջև, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ թռիչքների չվացուցակներն ու արբանյակային պատկերները վկայում են, որ տասնյակ ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպիսին է C-17-ը, արդեն մի քանի օր է, ինչ ինտենսիվ թռիչքներ են իրականացնում Արաբական թերակղզու և Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաների միջև։ Խոսքը Գերմանիայի Ռամշտայնի և Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթի ավիաբազաների մասին է։ Նախորդ օրերին Արաբական թերակղզու ուղղությամբ թռիչքներ են կատարել առնվազն չորս E-3C Sentry ինքնաթիռներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան: Նա հույս էր հայտնել, որ Իրանի կառավարությունը կհամաձայնվի նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել արդար ու հավասար գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։


