ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վերահսկողություն է հաստատվել Ռաս էլ Այն քաղաքի բնակելի թաղամասերի վրա. Թուրքիայի ՊՆ

Վերահսկողություն է հաստատվել Ռաս էլ Այն քաղաքի բնակելի թաղամասերի վրա. Թուրքիայի ՊՆ

Սիրիայի հյուսիսում հարձակում իրականացնող Թուրքիայի ԶՈՒ-ն եւ ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակը» վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական կարեւորություն ունեցող քաղաք Ռաս էլ Այնը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:

«Եփրատից արեւելք «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում ռազմական հաջող գործողությունների շնորհիվ վերահսկողություն է հաստատվել Ռաս էլ Այն քաղաքի բնակելի թաղամասերի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին:

Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում՝ Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:

  • Կիսվել: