Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ բանտի․ Իվետա Տոնոյան
«Ժողովրդավարության բաստիոնում» իրավունքների ոտնահարումը կասեցնելու համար անհրաժեշտ է համախմբել ջանքերը։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։
Տոնոյանի գնահատմամբ՝ Հայաստանը ոչ միայն կալանավորված է, այլև վերածվել է բաց երկնքի տակ գտնվող բանտի․ գրեթե բոլոր ոլորտներում իրավունքները սահմանափակված են։ Նա նշել է, որ կալանավորված են Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, իսկ քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ ճաղերի հետևում են։
Տոնոյանը հայտարարել է, որ ոտնահարված են ընդդիմության իրավունքներն ու ընդդիմություն լինելու իրավունքը։ Նրա պնդմամբ՝ քրեական գործերի հիմքում շինծու մեղադրանքներ են, և գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Նա ընդգծել է, որ այն պահին, երբ երկիրը ջրբաժանի առջև է, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և ընդդիմությանը չեզոքացնելու փորձերը որևէ լավ բանի չեն հանգեցնում։
ԲՀԿ ներկայացուցիչը նաև անդրադարձել է ընտրությունների ընթացքում կուսակցության 60 հազար ընտրողների ձայների՝ իր բնորոշմամբ գողությանը։ Նա հայտնել է, որ վաղը տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը։ Տոնոյանն ասել է, որ ցանկանում է հավատալ արդարադատությանը՝ պնդելով, որ կալանավորման հիմքեր չկան։
Տոնոյանն ընդգծել է, որ երկրում ստեղծված իրավիճակը վնասում է Հայաստանի հեղինակությանը։ Նա նաև հայտնել է, որ Քաղբանտարկյալների պաշտպանության խորհուրդը ԲՀԿ առաջնորդի հարցով նամակ է ուղարկել այս տարվա Նոբելյան մրցանակակրին։



