չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Վենեսուելայում ամերիկյան հատուկ գործողության հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել

Վենեսուելայում ամերիկյան հատուկ գործողության հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել

Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել ամերիկյան հատուկ գործողության ժամանակ: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելիոն, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա ասել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության աշխատակիցների մեծ մասը սառնասրտորեն սպանվել է: Նախարարի խոսքով՝ Մադուրոն ոտքի վնասվածք է ստացել, իսկ նրա կինը՝ գլխի:

Երկրում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել: Կուբան իր հերթին հայտնել էր Վենեսուելայում իր ռազմական և հետախուզական ծառայությունների 32 անդամի զոհվելու մասին:

Նշվում է նաև, որ, միևնույն ժամանակ, Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կարակասի նպատակն է ապահովել Մադուրոյի և նրա կնոջ անվտանգ վերադարձը երկիր, խաղաղության ապահովումը և կառավարման գործունեության պահպանումը:

Ռոդրիգեսը հավելել է, որ, չնայած ԱՄՆ-ի անօրինական զինված ագրեսիային, Վենեսուելան պահպանում է դիվերսիֆիկացված միջազգային տնտեսական հարաբերություններ: Նրա խոսքով՝ երկիրը ցանկանում է տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցություն հաստատել բոլոր երկրների հետ, որոնք հարգում են Վենեսուելայի ինքնիշխանությունը:

 

  • Կիսվել: