Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա
Եվրամիությունը խոստացել է շարունակել աջակցել Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ: Այն նշվում է օգոստոսի 24-ին։
«Մենք կշարունակենք տրամադրել այնքան աջակցություն, որքան անհրաժեշտ է և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ պատերազմի, խաղաղության բանակցությունների և վերակառուցման ժամանակ»,- նրա խոսքը մեջբերել է DPA լրատվական գործակալությունը։
ԵՄ-ի տեսլականը չի սահմանափակվում միայն պատերազմական ժամանակներով, ընդգծել է Կոշտան։ «Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության և երկարաժամկետ ժողովրդավարական կայունության լավագույն երաշխիքն է՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ ամբողջ Եվրոպայի համար»,- հավելել է նա։
Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակել պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կմեծացնենք ճնշումը, մինչև Ռուսաստանը դադարեցնի սպանությունները, խաղաղության նկատմամբ ցուցաբերի անկեղծ նվիրվածություն և մարտադաշտից չանցնի բանակցությունների սեղանի շուրջ», - խոստացել է Անտոնիու Կոշտան։
Նա անձամբ է կմասնակցի օգոստոսի 24-ին Կիևում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը։



