Ուկրաինան Պերմում հարվածել է Ռուսաստանի խոշորագույն ՆՎԳ-ներից մեկին
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան հարվածել են Պերմին. հարվածի տակ է հայտնվել արդյունաբերական ձեռնարկությունը: Այս մասին հայտնել է նահանգապետ Դմիտրի Մախոնինը։
Նա նշել է, որ «մի քանի ԱԹՍ խոցվել է քաղաքին մոտենալիս», տուժածներ չկան։
Ականատեսների տեսանյութերի հիման վրա «Astra»-ն պարզել է, որ թիրախը եղել է «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։
Ձեռնարկությունում բռնկված հրդեհի ու սև ծխի տեսանյութը հրապարակել են ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է նավթի վերամշակման «ԱՎՏ-5» կայանը։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Պերմի ՆՎԳ-ին հասցված հարվածի փաստը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ այն որակելով որպես «հեռահար պատժամիջոցների» հերթական քայլ։ «Ռուսաստանը պետք է զգա, որ պատերազմի յուրաքանչյուր օրն իր վրա ավելի թանկ է նստելու», - նշել է նա։


