Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթի եւ գազի տարանցումը հունվարի 1-ից
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Новини. Live» հարցազրույցում հայտնել է, որ 2025թ. հունվարի 1-ից Կիեւը դադարեցնելու է ռուսական գազի եւ նավթի տարանցումը Եվրոպա, բայց պատրաստ է կատարել դա այլ երկրներից։
«Այո, դա կարող է լինել այլ տարանցիկ գազ, որը կգնա, օրինակ, միջերկրածովյան երկրներ։ Այսօր Եվրոպան դիվերսիֆիկացրել է Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները։ Հիշեցնեմ, որ գազից բացի 2025թ. հունվարի 1-ից աշխատանքը դադարեցնելու է նաեւ «Դրուժբա» նավթատարը։ Նավթը դրանով ստանում էին Սլովակիան, Չեխիան եւ մեր սիրելի Հունգարիան։ ԵՄ բանաձեւի համաձայն՝ նրանք պետք է նավթի դիվերսիֆիկացման հնարավորություններ գտնեն եւ դադարեցնեն ռուսականի տարանցումն Ուկրաինայով։ Նույնը վերաբերում է նաեւ գազին»,- ասել է Պոդոլյակը։
Նրա խոսքով, եթե եվրոպական երկրներից մեկը հարկ համարի գազ ստանալ Ղազախստանից կամ Ադրբեջանից, ապա Ուկրաինան «պատրաստ է տարանցել այն»։ Դրա համար, նշել է Պոդոլյակը, պետք է լինեն «համապատասխան լոգիստիկա, պայմանագրեր, որտեղ նշված կլինի Ուկրաինայի տարանցիկ դերը»։
Ռուսական «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նավթոգազի» պայմանագիրը Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին ավարտվում է 2024թ. վերջին։ Ուկրաինական կողմը քանիցս ասել է, որ այն չի երկարացնելու։ Օգոստոսի վերջին այս մասին նորից հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ռուսաստանի հետ պայմանագիրը ոչ ոք չի երկարացնելու։ Այստեղ մենք վերջակետ ենք դրել։ Ինչ վերաբերում է այլ ընկերություններից գազի տարանցմանը, եթե շարունակվի մեր որոշ եվրոպական գործընկերների պահանջմունքը, մենք այդ ժամանակ կդիտարկենք այլ հարցեր»,- ասել է Զելենսկին։