Ուկրաինան և ԱՄՆ-ն հուշագիր են ստորագրել օգտակար հանածոների պայմանագրի վերաբերյալ
ԱՄՆ-ն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել, որով հաստատել են հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելու մտադրությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։
«Այսօր մենք քայլ արեցինք Միացյալ Նահանգների հետ տնտեսական գործընկերության վերաբերյալ համատեղ համաձայնագրի ուղղությամբ: Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրեցին հուշագիր, որը հաստատում է մեր թիմերի կառուցողական համատեղ աշխատանքը և համաձայնագիրը վերջնականացնելու և կնքելու մտադրությունը, որը ձեռնտու կլինի մեր երկու ժողովուրդներին», - գրել է նա Facebook սոցցանցում։
Սվիրիդենկոն նշել է, որ նախապատրաստվում է Ներդրումային հիմնադրամի ստեղծումը՝ Ուկրաինայի վերակառուցման համար։
«Համապատասխան համաձայնագիրը հնարավորություններ կբացի զգալի ներդրումների, ենթակառուցվածքի արդիականացման և Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ գործընկերության համար. ահա թե ինչու են թիմերն աշխատում փաստաթղթի վրա», - հավելել է նա։
Նախարարը նաև հայտնել է, որ մնում է վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը, ստորագրել այն, ապա վավերացնել փաստաթուղթը խորհրդարաններում։
Ապրիլի 17-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Կիևը հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրեն ապրիլի 24-ին։
Մարտի սկզբին Վաշինգտոնը և Կիևը չկարողացան համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի տարածքում օգտակար հանածոների արդյունահանմանն ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջև թեժ վիճաբանության պատճառով։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1217488