երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ուկրաինական անօդաչուները գրոհել են Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում

Ուկրաինական անօդաչուները գրոհել են Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում

Օգոստոսի 31-ի ցերեկը ուկրաինական անօդաչուները զանգվածային գրոհ են իրականացրել Սվերդլովսկի մարզում, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դենիս Պասլերը։ «Անօդաչուները հարվածել են բնակելի տներին ու լոգիստիկ կենտրոնին։ Զոհեր չկան։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։ Արձանագրվել են հրդեհներ», — գրել է Պասլերը իր թելեգրամ-ալիքում։ Ուրալի դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան ճշտել է, որ գրոհի է ենթարկվել Եկատերինբուրգը։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝գրոհի թիրախը Wildberries մարքեթփլեյսի բաշխիչ կենտրոնն էր, սակայն միայն մեկ դրոնի է հաջողվել հասնել պահեստին։ Այն ընկել է օբյեկտից մի քանի մետր հեռավորության վրա։

Wildberries-ում հայտնել են, որ անօդաչուների գրոհի ժամանակ իրականացրել են անձնակազմի տարհանում։ Լոգիստիկ համալիրը չի վնասվել։ Մինչ այդ ուկրաինական դրոնները հուլիսին արդեն փորձել էին գրոհել Եկատերինբուրգի մարքեթփլեյսի պահեստը։ Այդ ժամանակ նրա հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում այրվել էին մի քանի ավտոմեքենաներ, սակայն օբյեկտն ինքնին չէր տուժել։ Այսօրվա գրոհի ընթացքում անօդաչուներից մեկը բախվել է Եկատերինբուրգի Չկալովի շրջանում գտնվող «Ուտես» բնակելի համալիրին, գրել է Astra-ն։ Շենքում վնասվել են մի քանի բնակարաններ՝ կոտրվել են պատուհանները, փլուզվել են պատերը, պատմել են բնակելի համալիրի բնակիչները «Օստորոժնո, նովոստի» պարբերականին։ Նրանց խոսքով՝ մարդկանց տուն չեն թողնում և տեղավորում են մոտակա դպրոցի նկուղում։

Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈւՈւ) Wildberries-ի պահեստների դեմ գրոհները սկսել են հուլիսի 18-ից և մեկուկես ամսվա ընթացքում հարվածներ են հասցրել 16 տարածաշրջաններում գտնվող 23 բաշխիչ կենտրոնների։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում հայտնել էին, որ ամբողջությամբ շարքից հանել են մարքեթփլեյսի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը, այդ թվում՝ ամենախոշորը Մոսկվայի մերձակա Կոլեդինոյում (250 հազար քառակուսի մետր)։ Data Insight-ի վերլուծաբանները գնահատել են, որ միայն Wildberries-ի ուղիղ վնասները ենթակառուցվածքի կորստից օգոստոսի կեսերին կազմել են 147-223 մլրդ ռուբլի։ Միաժամանակ, մարքեթփլեյսի վաճառողները կորցրել են 445–507 մլրդ ռուբլու ապրանքներ։ Այսպիսով, վնասի ընդհանուր չափը կարող է հասնել 800 մլրդ ռուբլու։

Բացի այդ, օգոստոսի 22-ից ուկրաինական բանակի արշավը անդրադարձել է նաև Ռուսաստանի մեծությամբ երկրորդ մարքեթփլեյսի՝ Ozon-ի պահեստներին։ Անցած երկու շաբաթվա ընթացքում հարձակման են ենթարկվել ընկերության օբյեկտները Սամարայի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Դաղստանում և Ադիգեայում, ինչպես նաև Դոնի Ռոստովում և Բելգորոդում։

  • Կիսվել: