Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ 4 մարդ տուժել է
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սվերդլովսկի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դենիս Պասլերը։ Հարձակման հետևանքով Եկատերինբուրգում վնասվել են բազմահարկ բնակելի շենքի մի քանի բնակարաններ, հայտարարել է Ուրալի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտեմ Ժոգան։
«Աստրա» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Եկատերինբուրգի Չկալովսկի շրջանում վնասվել է «Ուտես» բնակելի համալիրի շենքերից մեկը։
Տեղական իշխանությունները նաև պնդում են, որ Ուկրաինայի հարվածի թիրախում է հայտնվել լոգիստիկ կենտրոն։ Ժոգան հայտարարել է, որ «առևտրային ընկերության պահեստի» վրա հարձակումը կանխվել է, իսկ «անօդաչու թռչող սարքի բեկորները» ընկել են շենքի հարևանությամբ։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է Wildberries-ի պահեստի հարևանությամբ։ Ընկերությունը հարձակման մասին որևէ հայտարարություն չի արել։



