Ազովի ծովում նավերի վրա ԱԹՍ-ների hարձակման հետևանքով հինգ ադրբեջանցի է զnhվել. Ադրբեջանի ԱԳՆ
Թուրքիայից Դոնի Ռոստով հացահատիկի բարձման նպատակով ընթացող «Նատրա» և «Ցիրկոն» երկու բեռնատար նավերը նախորդ գիշեր Ազովի ծովում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, զոհվել է հինգ ադրբեջանցի նավաստի: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Անցած գիշեր օտարերկրյա երկու բեռնատար նավ, որոնց անձնակազմերում ընդհանուր առմամբ եղել է Ադրբեջանի 25 քաղաքացի, ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Նշված նավերը չեն պատկանում Ադրբեջանի պետությանը։ Ռուսական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի, ևս երեքը վիրավորվել են։ Տուժածները հոսպիտալացվել են Եյսկ քաղաքի հիվանդանոց։
Ներկայումս Արտաքին գործերի նախարարությունը տվյալ հարցի շուրջ աշխատանքները համակարգում է Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների, երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև շահագրգիռ պետությունների իրավասու մարմինների հետ։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության մի քանի աշխատակիցներ մեկնել են դեպքի վայր։
Ադրբեջանի քաղաքացիների վիճակի, նրանց հայրենիք վերադարձի և անհրաժեշտ հյուպատոսական աջակցության ցուցաբերման հետ կապված հարցերը գտնվում են մշտական վերահսկողության ներքո։ ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին»,- գրված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողներին հայտարարել էր, որ Ազովի ծովում բեռնատար նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումների հետևում կանգնած է իշխանությունը զավթած կիևյան նացիստական ռեժիմը։



