Թուրքիայի խորհրդարանի նախագահը միջամտել է ուկրաինական ու ռուսական պատվիրակությունների միջև ընդհարմանը
Ուկրաինայի ներկայացուցիչները փորձել են խափանել ռուսական պատվիրակության ելույթը Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԽ) գագաթնաժողովում։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերով հանձնաժողովի նախագահը, ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար պաշտոնակատար Օլգա Տիմոֆեևան, գրել է iz.ru-ն ու տեսանյութ հրապարակել միջադեպի մասին։
«Ուկրաինացիների արածը նման էր կրկեսի։ Բանախոսների հանդիպումը խափանելու փորձը ձախողվեց»,- լրագրողներին ասել է նա։
Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը փորձել է կասեցնել այն։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հինգշաբթի օրը Անկարայում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը՝ Տիմոֆեևայի գլխավորությամբ, նույնպես մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՍԾՏՀ ԽՎ 61-րդ Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հոբելյանական գագաթնաժողովին։
Anadolu-ն գրել է, որ Տիմոֆեևայի ելույթի ժամանակ ուկրաինական պատվիրակությունը նրա հետևում պարզել է «Աջ սեկտոր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության դրոշն ու սկսել հակառուսական կարգախոսներ վանկարկել։
Ռուսական պատվիրակության անդամները փորձել են կանխել ուկրաինական կողմի գործողությունները, տեղի է ունեցել ընդհարում։
Տիմոֆեևայի ելույթի ժամանակ ուկրաինական պատվիրակության ղեկավար Աննա Պուրտովայի տեղը դատարկ է մնացել։