Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Անկախ պետությունների համագործակցության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը ստանձնած Սյունիքի մարզկենտրոն Կապանում ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդները հուլիսի 24-ին մասնակցել են «Երիտասարդության դերն ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում» թեմայով համաժողովին:
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:
Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ այս հարթակում ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդները հավաքվել են քննարկելու երիտասարդական քաղաքականության ներկան և ապագան ձևավորող թեմաներ՝ առողջ ապրելակերպ, կամավորություն, որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցություն և միջազգային համագործակցություն։ Նա վստահություն է հայտնել, որ գեներացված գաղափարները, նախաձեռնություններն ու անկեղծ երկխոսությունը կնպաստեն նոր գործընկերությունների և համատեղ նախագծերի իրականացմանը։
«ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը որոշումների կայացման գործընթացներին երիտասարդների ակտիվ մասնակցության համար պայմանների ստեղծումն է։ Վերջին տարիներին մեր երկիրը հետևողականորեն կատարելագործում է երիտասարդների մասնակցության մեխանիզմները, ամրապնդում երիտասարդական աշխատանքի համակարգը, ընդլայնում երիտասարդական կենտրոնների և տարածքների ցանցը, ինչպես նաև ստեղծում նոր հնարավորություններ՝ երիտասարդների կողմից սեփական ներուժն իրացնելու և քաղաքացիական ու հանրային կյանքում ներգրավվելու համար։
Այսօրվա համաժողովը փաստում է, որ միջազգային երկխոսությունը խթանում է լավագույն փորձի փոխանակումը, նոր գաղափարների ձևավորումը և մեր երկրների երիտասարդների միջև համագործակցության ամրապնդումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ հատուկ նշանակություն ունի նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված պանելային քննարկումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք, հետաքրքիր քննարկումներ, նոր կապեր և ոգեշնչում։
Համաժողովին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների և Հայաստանի երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական համաժողովի աշխատանքներն ընթացել են թեմատիկ ուղղություններով. ձևավորվել են 4 աշխատանքային խմբեր՝ յուրաքանչյուրում 20-25 մասնակից:
Թեմատիկ նիստերի ընթացքում համաժողովի մասնակիցները քննարկել են «Առողջ ապրելակերպ», «Կամավորություն», «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին՝ մեխանիզմներ և գործիքներ», «Միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները ԱՊՀ շրջանակներում» թեմաները: ԱՊՀ պատվիրակությունների երիտասարդները ներկայացրել են իրենց երկրների փորձը, անդրադարձել մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
Աշխատարանների արդյունքում ձևավորվել են առաջարկներ և ներկայացվել պանելային քննարկման մասնակիցներին, որոնք ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներ են։
Համաժողովի հագեցած օրակարգն ամփոփվել է մասնակիցներին վկայականների հանձնման արարողությամբ: Պատվոգրեր են հանձնվել նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներին:
Համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել էր կրթական և մշակութային ճանաչողական այցեր՝ Կապանի արվեստի թանգարան, «Թումո Կապան» կենտրոն և այլ կրթամշակութային վայրեր:
«Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք – 2026» ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվել են երիտասարդական կազմակերպությունների ձեռագործ աշխատանքները, տեղական արտադրանքն ու Սյունիքի բերքն ու բարիքը:
Կապանում անցկացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նիստին մասնակցել են խորհրդի անդամներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Ղազախստանից:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային ընթացք։ Իր խոսքում նա անդրադարձել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը, իրականացվող ծրագրերին։
Նիստի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի դրույթները, հայաստանյան փորձը, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամները ներկայացրել են իրենց երկրների փորձը, կատարած և իրականացվելիք աշխատանքները: Քննարկվել են երիտասարդության քաղաքականության ոլորտի օրակարգային այլ հարցեր ևս:



