Թուրքիան սպառնում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և կովկասյան տարածաշրջանի կայունությանը․ Հունաստանի ԱԳ նախարար
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում օտար հողերում, օկուպացնում է հարևան երկրների հողերը, ինչպես նաև սպառնում է պատերազմներ հրահրել՝ ընդգծելով, որ այդ երկիրը սպառնում է Եվրոպայի, արաբական աշխարհի և Կովկասի կայունությանը, գրում է English Arabiya-ն։
Հունաստանի արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան վիճարկում է եվրոպական երկրների ինքնիշխանությունը, միջամտում է այլ երկրների ներքին գործերին և աջակցում է ծայրահեղական շարժումներին:
Բացի այդ, Դենդիասը Անկարային մեղադրել է միգրացիոն ճգնաժամն ի շահ իրեն օգտագործելու, տեղական մակարդակում մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցության ոլորտ ստեղծելու համար։
Նա հավելել է, որ Թուրքիան ակնհայտ սպառնալիք է դարձել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի և Կովկասյան տարածաշրջանի կայունության համար։