ՔԿ-ի շենքից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ. ձերբակալվել է մեկ անձ
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլար: