Թուրքիան իր դիրքերն ամրապնդելու հարմար պահ է գտել. քրդագետ
Թուրքիան հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսում իր ռազմական գործողություններն
անվտանգության խնդիր են լուծում, մինչդեռ իրականում, քանի որ քրդերի ցանկացած ձեռքբերում Թուրքիան դիտարկում է որպես սպառնալիք, նա հարմար պահ է գտել՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Նա նշեց նաև, որ այս հարցում Թուրքիային որոշ գերտերություններ աջակցում են:
«Քրդական գործոնը՝ հատկապես PKK-ի, էական խնդիր էր Թուրքիայի քաղաքական օրակարգում։ Եվ կարևոր փոփոխությունն այն էր, որ միջազգային և տարածաշրջանային իրադարձությունների տեսանկյունից Թուրքիան պարզապես գտել է հարմար միջավայրը: Նպատակը միշտ եղել է նույնը, իրավիճակն է փոխվել»,-պարզաբանեց քրդագետը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին նայում է Իրանի պրիզմայով, իսկ Թուրքիան՝ քրդական պրիզմայով: «Այսինքն՝ անվտանգության առումով իր մտածելակերպը գերազանցապես այն է, թե քրդական գործոնն ինչ տրանսֆորմացիաներ կապրի»,-ասաց Պետրոսյանը:
Ըստ քրդագետի՝ Թուրքիայի տեսանկյունից իրենց համարՍիրիայի հյուսիսում ստեղծվել է որոշակի սպառնալիք առաջացնող իրավիճակ. ժամանակին Սիրիայի Աֆրին, Կոբանի և Հասակե բնակավայրերում ստեղծվել էին քրդական ինքնավար միավորումներ:
«Գործողություններից մեկի արդյունքում Աֆրինի խնդիրը լուծվեց, լուծարվեց ինքնավարությունը, Կոբանիի հետ կապված փոքր հատված է, բայց էական սպառնալիք չէր ներկայացնում, թեպետ էական սիմվոլ է։ Ինչ վերաբերում է Հասակեին, ապա այն դարձել է հերթական խնդիրը: Քրդերի համար կա մանևրելու դաշտ, հարվածների դեպքում կարող են տեղաշարժվել դեպի հարավ, հետևաբար թուրքական կողմը դիտարկում է նաև այդ մանևրելու դաշտը փակելու տարբերակները»,-ասաց Վ. Պետրոսյանը: