«Թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործել». Թուրք բժիշկների միության նախագահ
Թուրք բժիշկների միության նախագահ պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն հայտարարել է, որ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական հեռուստալիքներից մեկին հյուրընկալված Ֆինջանջըն նշել է, որ ինքն այդ եզրակացությանը եկել է՝ զննելով սպանված «ահաբեկիչների» (քուրդ զինյալների-խմբ.) մարմինները:
«Ավելի վաղ էլ եմ զննել: Նյարդային համակարգը ուղիղ ախտահարող գազերից մեկն է օգտագործվել: Քիմիական զենքի տարբեր տեսակներ կան, և չնայած դրանց օգտագործումն արգելված է, միևնույնն է, տեսնում ենք, որ բախումների ժամանակ օգտագործվում է»,- ասել է թուրք պրոֆեսորը՝ ավելացնելով, որ դրա համար Թուրքիայի վերաբերյալ հետաքննություն պետք է իրականացվի:
Նշենք, որ այս հայտարարությանը կոշտ են արձագանքել Թուրքիայի իշխանությունները: Նախագահի գլխավոր խորհրդական ու խոսնակ Իբրահիմ Քալընն այս հայտարարությունը որակել է ահաբեկչական կազմակերպությունների կազմակերպած զրպարտություն:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն էլ գրել է, որ թուրքական բանակին «զրպարտողները» նպատակ ունեն արդարացնելու ահաբեկչական կազմակերպության (Քրդստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ/PKK) հանցագործությունները: