Թուփաքի սպանության գործով դատավարությունը սկսվել է․ ի՞նչ է հայտնի
Լաս Վեգասում մեկնարկել է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը։ Մեղադրող կողմը պնդում է, որ նախկին ավազակախմբի ղեկավար Դուեյն «Քեֆի Դի» Դևիսը կազմակերպել է ռեփերի սպանությունը՝ իր եղբորորդու ծեծի համար վրեժ լուծելու նպատակով։ Թեև Դևիսը չի մեղադրվում կրակոցն անմիջականորեն արձակելու մեջ, մեղադրող կողմը նրան ներկայացնում է որպես սպանության կազմակերպիչ։ Դևիսը մեղադրանքը հերքում է և իրեն մեղավոր չի ճանաչել։ Դատավարության առաջին օրը վկաները հիշել են 1996 թվականի սեպտեմբերի 7-ի գիշերը, երբ 25-ամյա Շաքուրը Լաս Վեգասում գնդակահարվել էր Մայք Թայսոնի բռնցքամարտի մենամարտից հետո։
Ռեփերը մահացել էր ստացած վնասվածքներից վեց օր անց։ Մեղադրող կողմի առաջին վկան՝ Լաս Վեգասի ոստիկանության նախկին աշխատակից Գարի Դեյլը, պատմել է, որ շտապօգնության մեքենայում Շաքուրը հրաժարվել էր հայտնել, թե ով է կրակել իր վրա։ Նրա խոսքով՝ ռեփերը միայն ասել էր․ «Մենք ինքներս կհոգանք դրա մասին»։ Մեղադրող կողմը պնդում է, որ Դևիսը սպանությունը ծրագրել էր այն բանից հետո, երբ Շաքուրը կրակոցներից մի քանի ժամ առաջ վիճաբանության ժամանակ ծեծի էր ենթարկել Դևիսի եղբորորդուն՝ Օռլանդո Անդերսոնին։ Դևիսի պաշտպանները մեղադրանքի վարկածը «հորինվածք» են անվանել և հարց են բարձրացրել, թե ինչու գործով որևէ մեկը չէր ձերբակալվել շուրջ երեք տասնամյակ։



