Թրամփը դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը։
Նա բազմիցս հանդես է եկել մի շարք ինքնիշխան պետությունների և տարածքների՝ ներառյալ Կանադայի, Գրենլանդիայի, Պանամայի և Կուբայի նկատմամբ բռնակցման կամ ռազմական ուժի կիրառման սպառնալիքներով, սակայն նրա վերջին մեկնաբանությունները հնչել են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ձերբակալությանն ուղղված ռազմական գործողության ավարտի պայմաններում, որն իրականացվում էր նավթային ենթակառուցվածքների զավթման նպատակով նավթային ընկերությունների գործողություններին զուգահեռ։
Ըստ Fox News-ի թղթակից Ջոն Ռոբերտսի, որը երկուշաբթի զրուցել է նախագահի հետ, Թրամփն այժմ «լրջորեն դիտարկում է Վենեսուելան 51-րդ նահանգ դարձնելու քայլը»։
Հունվարին Մադուրոյի առևանգումից հետո Սպիտակ տան պաշտոնյաները Կարակասում ինտենսիվ բանակցություններ են վարում՝ հանդես գալով որպես միջնորդ ամերիկյան էներգետիկ և հանքարդյունաբերական ընկերությունների հետ գործարքներում։ Միաժամանակ Վաշինգտոնը փորձում է ավելի սերտ կապեր հաստատել ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի և նրա վարչակազմի հետ։ Այդ բանակցություններն արագացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին, որը վտանգի տակ է դնում էներգակիրների համաշխարհային մատակարարումները։
Իր հերթին The Independent-ը գրել է, որ թեև Թրամփը չի կարող օրինական հիմքերով Վենեսուելան հայտարարել 51-րդ նահանգ առանց Կոնգրեսի հավանության կամ հենց Վենեսուելայի համաձայնության, նա չի բացառում ռազմական միջամտության հնարավորությունը իր կայսերական նկրտումներն իրականացնելու համար (ներառյալ Գրենլանդիայի օկուպացիայի ծրագրերը)։
Ինչ վերաբերում է Վենեսուելային, ԱՄՆ-ն արդեն իսկ Կարիբյան ավազանում կենտրոնացրել է վերջին տասնամյակների ամենախոշոր ռազմածովային նավատորմերից մեկը և շարունակում է այն նավերի զանգվածային ռմբակոծությունների շարքը, որոնք, ենթադրաբար, ներգրավված են այդ տարածաշրջանում թմրաշրջանառության մեջ։


